Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թոփչյանն անցել է բոլոր սահմանները. երախտամոռներին ու անշնորհակալներին երբեք չի ներվում

Թոփչյանն անցել է բոլոր սահմանները.  երախտամոռներին ու անշնորհակալներին երբեք չի ներվում
17.07.2015 | 02:12

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կարծես թե նեղացել է երկրի ղեկավարությունից, առհասարակ բոլորից։ Այդ մասին պարզ է դառնում «Նովոյե վրեմյա» թերթում նրա տված հարցազրույցից, որտեղ վերջինս հայտնել էր, թե իր ղեկավարած կոլեկտիվը պահանջված չէ Հայաստանում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների շրջանակում: Թոփչյանը նույնիսկ կասկած էր հայտնել սեպտեմբերին Արցախում կայանալիք համերգի ենթադրյալ դիրիժորի ընտրության վերաբերյալ: «Սեպտեմբերի 1-ին պետք է տեղի ունենա Վերդիի «Ռեքվիեմի» կատարումը Արցախում, ու եթե մեզ այնտեղ չտանեն, ապա ստացվում է, որ մեր նվագախումբը ներգրավված չէ պետության կողմից»,- նշել էր նա:

Վերոնշյալ միջոցառման կազմակերպիչն անմիջականորեն ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, ուստի թերթը դիմել է առաջին տիկնոջը։ Պատասխանը շատ կոշտ էր, կտրուկ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին տիկինը երբեք հրապարակային հանդես չի եկել այս տոնով, կարելի է կռահել, որ Թոփչյանն անցել է բոլոր սահմաններն ու իր պահվածքով և քմահաճույքներով հոգնեցրել վերևում նստածներին։
«Ինձ համար զարմանալի, եթե չասեմ՝ վիրավորական է Էդուարդ Թոփչյանի նման հայտարարությունը»,- այսպես է արտահայտվում Ռիտա Սարգսյանը: Նա նաև նկատում է, որ բարձր են գնահատում Թոփչյանին՝ որպես երաժշտի, ինչի մասին վկայում են արտասահմանում նվագախմբի մասին բարձր գնահատականը, ինչպես նաև պետության կողմից բարձր ուշադրությունը: «Ամեն ինչ փոխկապակցված է, սակայն հիասթափեցնում ու մտահոգության տեղիք է տալիս նրա անվստահությունը, եթե չասենք՝ սեփական անձի նկատմամբ կասկածամտությունը: Դա այն դեպքում, երբ դեռ կես տարի առաջ ես անձամբ եմ հայտնել Թոփչյանին, որ Արցախում սեպտեմբերյան համերգին նվագելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ինչի՞ համար է այդ ապատեղեկատվությունը մատուցվում ընթերցողին: Ամեն բան իր տեղն ունի, ամեն ինչ գնահատվում է ըստ արժանվույն, սակայն ներկայացնել սեփական ամբիցիոզությունը որպես ձևավորված կարծիք կամ «հիմնավորված» մտավախություն, անհարգալից վերաբերմունք է ընթերցողի՝ որպես շնորհակալ ունկնդրի ու Հայաստանի ազգային նվագախմբի հովանավորների հանդեպ»,- ասել է Ռիտա Սարգսյանը։
Հայաստանում քիչ թե շատ կարևոր պաշտոնի նշանակվում կամ շարունակում են պաշտոնավարել միայն վերևների համաձայնությամբ։ Թոփչյանն էլ, բնականաբար, բացառություն չէ։ Թոփչյանի ու նրա ղեկավարած նվագախմբի համար հնարավորության սահմաններում արվել է ամեն ինչ՝ ֆինանսավորում պետբյուջեից, հովանավորների հայթայթում, շրջագայություններ և այլն, և այլն։ Այսինքն՝ Հայաստանի թիվ մեկ նվագախմբի ղեկավարն օգտվել է պալատական բոլոր շնորհներից, և տարիներ շարունակ ֆիլհարմոնիկը ղեկավարելուց հետո մաեստրոյին երևի աստղայինը տարել է ու թվացել է, թե անցած տարիներին տեղի ունեցածը միայն իր վաստակն է։ Երախտամոռներին ու անշնորհակալներին երբեք չի ներվում։ Դատելով առաջին տիկնոջ «իրավիճակն ուղղել միշտ հնարավոր է, իսկ ցուցաբերված վերաբերմունքն ու արտաբերված բառերը, ցավոք, ոչ» արտահայտությունից՝ կարելի է ենթադրել՝ վերևներում Թոփչյանի նկատմամբ վստահության պաշարը սպառվել է, և նրա գլխին սև ամպեր են կուտակվում։ Ի դեպ, Թոփչյանի նման էքսցենտրիկ պահվածքը նորություն չէ։ Նրա հետ կապված էլի մի քանի պատմություններ են հիշատակվում։ Իսկ իշխանությունները, որպես կանոն, նախընտրում են գործ ունենալ հավասարակշիռ ղեկավարների հետ։

Անի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ